«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով

«Առավոտ»-ը գրում է․ Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։

Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։

Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։ Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։ 18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։

«Մայրը նույն ճակատագիրն է ունեցել, միայնակ մայր է, դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։ Վերարտադրվող, կրկնվող իրականություն է սա, ինքն այդ օրինակն ունի ու չէր ուզում, որ իր տղաներն էլ ունենային այդ օրինակը։ Երեխաների մորը քննադատելը, մեղադրելը, կարծում եմ սխալ է, որովհետև ինքը գոնե կյանք է տվել երեխաներին, և նա դա համարում էր իր հաղթանակը, որովհետև կողքից իրեն շատ էին քարկոծել։ Հղիության ընթացքում նրան շատ են համոզել ազատվել երեխաներից, բայց նա ասում էր, ես երբեք նման քայլի չէի դիմի, ես հո մարդասպան չեմ։

Հետծննդաբերական դժվարություններ է ունել, ոչ մեկը ոչ մի հարցում չի օգնել իրեն։ Որ ասում են մերժվածը, նա էր, մերժված էր բոլորի կողմից։ Նա անգետ աղջիկ չէ,վստահ եմ, որ մի 5-10 տարի անց, հենց հասունանա, շատ է զղջալու, փոշմանելու, փորձելու է փնտրել երեխաներին։ Դպրոցն ավարտել է 12-ամյա կրթությամբ, մասնագիտություն չունի, աշխատանք չունի, սոված օրեր է անցկացնում։

Գյուղերից մեկում մոր, հիվանդ եղբոր, 80-ն անց տատիկի, քեռու հետ մի կիսավեր տան մեջ են բնակվում՝ առանց պայմանների, մի կերպ գոյատևում են հաշմանդամության թոշակներով։ Ինքն էլ իրականությունից փորձել է փախչել, փրկվել, դրա համար գյուղից գնացել է Երևան, բայց թե Երևանում ո՞նց պիտի ապրի, հեշտ չէ ապրելը։

Երբ հարցրեցի՝ բա ո՞նց ես էսպես խնամքով պահել երեխաներին, ասաց՝ իմ հացի փողը տրամադրել եմ երեխաներինս տակդիր գնելու համար, կուրծք էր տվել նրանց։ Այնպես, ինչպես պատկերացրել էր մայր լինելու գաղափարը, արել էր, նրան ոչ մեկը մի խելամիտ խորհուրդ չէր տվել։ Երկու երեխա՝ առանց հնարավորությունների, ծայրահեղ պայմաններում․․․

Ինքն ավելի շատ զոհ էր, քան մեղադրյալ, պատկերացրեք հասարակության կողմից քննադատություն, ծնողի, հարազատներ կողմից ոչ մի օգնություն․․․ Երբ համոզում էինք, որ երեխաներից չհրաժարվի, ասաց՝ ես կարծում եմ ավելի բարոյական է հրաժարվելը, գոնե վստահ կլինեմ, որ երեխաները լավ կապրեն, սովամահ չեն լինի։ Փոքրամարմին, նուրբ աղջիկ էր, երբ տեսա, մտածեցի 7-8-րդ դասարան է։ Ցավ եմ ապրում, որ իրեն ոչ մի խրատող, ճանապարհ ցույց տվող չի եղել, դրական կյանքի օրինակ չուներ։ Ինձ խնդրում էր, թե մի հատ նորից տեսնեմ երեխաներիս։ Պատմեց, որ երեխաներին Գյումրի բերելուց հետո գիշերները լացել է, տառապել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը։

Արարատի մարզի այն գյուղում, որտեղ բնակվել է աղջիկը, նրան անընդհատ քարկոծել են։ Գյուղի բնակիչների քննադատությունները ստիպել են նրան տեղափոխվել Երևան բնակության։ Գյուղում չգիտեն, որ նա հղիացել է։

«Մենք նրան համոզում էինք, թե մի հրաժարվի երեխաներից, գնա, արի Գյումրի, ասեց՝ իսկ ո՞վ գիտի, որ ես երեխա ունեմ, ես չեմ կարող դա հանրայնացնել, այսինքն` իրեն կքարկոծեին իր գյուղում։ Նա մտածել է ուրիշ մարզ որ բերի երեխաներին, իրեն չեն գտնի, հասարակությունը իրեն չի խայտառակի»։

Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։

«Երեխաներին Վահե ու Վահան անուններն է դրել, ծննդականները հանել է, առողջության սերտիֆիկատ ուներ, անգամ հայրանուն էր տվել, շատ մայրեր չարությունից դրդված, ծննդականի մեջ հայրանուն չեն նշում, ու երեխան ամբողջ կյանքը մնում է առանց հայրանունի։ Իր բոլոր գործողությունները նվիրական են, զգացվում է, որ երեխեքին սիրելով է արել։ Ուղղակի ինքը լրիվ մենակ էր իր պրոբլեմի հետ, ու այդ պրոբլեմը լուծելու ճիշտ տարբերակ համարել էր սա։ Ինքը հետաքրքրվել է հանրապետության տարբեր մանկատներով ու իմացել է, որ ամենալավ խնամքը Գյումրիում է, իր ծանոթներն են խորհուրդ տվել, բայց այդ մարդիկ չեն իմացել, որ այլևս մանկատուն չէ, այլ գիշերօթիկ հաստատություն է․ երբ մենք ասացինք, թե այդտեղ փոքրիկների խնամք չեն իրականացնում, զարմացավ,ասաց՝ ես գիտեի հենց այստեղ էլ պիտի մնային»,- պատմեց Լիլիթ Գորգինյանը։

Աղբյուր՝ aravot.am

Loading...