Լուկաշենկոն սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան իր խոսքն ասի․ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեսուն տարի հետո աղետի գոտու գոյությունը պայմանավորված է միջոցների անարդյունավետ կառավարմամբ։

Այսօր լրագրողների հետ զրույցում Ծառուկյանն ասաց. «Ցանկացած գումար պետք է ճիշտ կազմակերպվի, չփոշիանա, հիմնական բացթողումը, որ ճիշտ կառավարում չի իրականացվել»։

Հարցին՝ թալանով, կոռուպցիայով պայմանավորված չէ արդյո՞ք աղետու գոտու գոյությունը, Ծառուկյանն արձագանքեց. «Ամեն ինչ էլ եղել է, պետք է հետեւողական լինել, օրենքի առաջ բոլորը հավասար են, կապ չունի ով ա՝ ես եմ, Պողոսն ա, Պետրոսն ա, օրենքի ու օրինականության առաջ բոլորը հավասար են, եթե կա փաստաթուղթ, կա հիմնավորում, ուրեմն բոլորն էլ պետք է իրենց թալանածը հետ բերեն»:

Ծառուկյանը համոզված է՝ հնարավոր է աղետի գոտին վերականգնել, պետական բյուջեն դա թույլ է տալիս։ «Անհնարին ոչինչ չկա»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հարցին, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է, իսկ հայ-բելառուսական հարաբերությունները փոքր-ինչ լարվել են վերջերս։ Այդ ջերմ ընկերական հարաբերություններով կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, Ծառուկյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 24-ին ես եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ եւ Ալեքսանդր Գրիգորիչն այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան, իր խոսքը ասի Հայաստանին եւ հայ ժողովրդին»։

Հարցին, թե ե՞րբ է գալու, Ծառուկյանը պատասխանեց․ «Գնա կառավարություն, հարցրու, երբ որ հրավերը կուղարկեն, կգա»։

Մեկնաբանել
Loading...