Ինչու՞ և ինչի՞ց են վախենում երեխաները․ սա պետք է իմանա յուրաքանչյուր ծնող

Երեխան իր կենսագործունեության և ակտիվության ընթացքում զանազան հույզեր է ունենում: Ձևավորվող ինքնագիտակցությունն ու կենսափորձն էլ բացասական ապրումներ կարող են առաջացնել, որոնցից ամենատարածվածը և վտանգավորը վախերն են: Երբեմն, իրենցից անկախ, ծնողներն իրենք են վախի տեղիք տալիս երեխային՝ փորձելով պաշտպանել նրան դժվարություններից, անհարմարությունից`մինչդեռ իրականում զրկում են երեխային նորը, հետաքրքիրը սովորելու, բացահայտելու, իրավիճակից դաս քաղելու, զարգանալու, հմտություններ ձեռք բերելու, որոշումներ կայացնելու, դժվարությունները հաղթահարելու հնարավորությունից: Երեխան ապրում է վախի մթնոլորտում, վախ, որը հաճախ ծնողն է ստեղծում և ապրում երեխայի փոխարեն: Ծնողի գործառույթն է`օգնել երեխային գլուխ հանել այս ամենից: Այնուամենայնիվ` ինչի՞ց են վախենում երեխաները: Հիմնականում ամեն ինչ կախված է տարիքից:

Կյանքի առաջին տարի

Ծննդյան պահից մինչև 6 ամսական, նորածինների վախերը հիմնականում բնազդային մակարդակի են, նաև փոքրիկները անհանգստության ռեակցիա են դրսևորում ի պատասխան կտրուկ, բարձր ձայների: Այնուհետև, սովորելով շրջապատողների ձայներին, գույներին, հոտերին, երեխան սկսում է անհանգստանալ մոր բանակայությունից, վախենալ մորը կորցնելուց: Այս դեպքում մայրը պետք է հաճախակի գրկի նորածնին և շոյի (այս տարիքում տակտիկային կոնտակտն ահռելի նշանակություն ունի):

1-ից 3 տարեկան

Հիմնական վախը մթությունից է և մենակ մնալուց: Այս տարիքին բնորոշ են նաև գիշերային վախերը: Ճիշտ չէ երեխային այդ վախերից «ազատելու» համար միայնակ փակել սենյակում և լույսն անջատել կամ բարկանալ նրա վրա: Սրանք կարող են բերել զարգացման հապաղման, էնուրեզի (գիշերամիզություն), կակազության: Նպատակահարմար է հեքիաթ պատմել և օգտագործել մանկական լուսամփոփներ, որի լույսի ներքո գիշերն արթնանալիս երեխան կտեսնի իր սենյակը, մահճակալն ու խաղալիքները:

3-ից 5 տարեկան

Հիմնականում շարունակում է գերիշխել մթության վախը, փակ տարածություններից և հեքիաթի հերոսներից (այս տարիքում նրանք ասոցացվում են իրական մարդկանց հետ) վախերը: Երեխան սկսում է վախենալ պատժվելուց` կապված ակտիվ խաղերի և դրանց հետևանքների հետ: Այս ամենը հաղթահարելու համար պետք է լսել և քննարկել փոքրիկի տագնապներն ու անհանգստությունները:

5-ից 7 տարեկան

Զարգանում է երևակայությունը, շատանում են վախերը: Երեխան սկսում է վախենալ աղետներից, հրդեհից, ջրից, կենդանիներից, ծնողներին կորցնելուց, հիվանդություններից, մահից, գիշերային մղձավանջներից: Այս դեպքում լավ կլինի սահմանափակել նման սյուժեով հաղորդումների, ֆիլմերի դիտումը, իսկ առաջացած հարցերին պատասխանել ավելի մեղմ ներկայացնելով իրավիճակը:

7-ից 11 տարեկան

Այս տարիքում ակտիվանում են վախերը դպրոցից, վատ գնահատական ստանալուց, սխալվելուց (դպրոցական ֆոբիա): Այս դեպքում ծնողները պետք է ցույց տան, որ սիրում,աջակցում են երեխային և նրա կողքին են անկախ ամեն ինչից: Կան վախերը հաղթահարելու հոգեբանական միջոցներ` խաղաթերապիա, խմբային խաղաթերապիա, արտ-թերապիա (նկարչության, պլաստիլինի, կավի միջոցով երեխան պատկերում է իր վախը, այնուհետև քանդում, պատռում այն), ավազաթերապիա, տիկնիկաթերապիա: Բնականաբար, արդյունքն ակնթարթային չի լինի, վախերի հաղթահարումը մեծ ջանքեր է պահանջում: Այս ամենից բացի նաև սերը, համբերությունը, հոգատարությունը, ուշադրությունն ու երեխայի նկատմամբ հետաքրքրությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Նյութի աղբյուրը`LoveYou.am

Loading...