Թուրք լրագրողը կարծում է, որ Քյութահյայում պետք է կանգնեցվի Կոմիտասի հուշարձանը

Թուրքական «Birgun» թերթի լրագրող Զաֆեր Դիփերը «Իմ համերկրացի Կոմիտասը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է մեծանուն հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) կենսագրությանը:

Դիփերը 1915թ. Հայոց ցեղասպանությունը որակելով` տեղահանություն, այնուամենայնիվ, կարևոր հարց է բարձրացնում` «Ինչու՞ չկա Կոմիտասի հուշարձանն իր ծննդավայր Քյութահիյայում»…

 

Հոդվածի հեղինակը նախկին և այժմյան թուրքական իշխանությունների վարած այլատյացության քաղաքականությունը քննադատող հարցեր է բարձրացնում.

«Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ Փարիզում, որտեղ Կոմիտասը մահացել է, հուշարձան է կանգնեցվել, իսկ Քյութահյայում, որտեղ նա ծնվել է, նույնիսկ մի հուշաքար չկա:

Նա, ինձ, քեզ, թուրքերին չի հայհոյել, ձայն չի հանել, նույնիսկ չի ասել. «Ինչու՞ մեզ վրա ձեռք բարձրացրեցիք, դեռ ինչեր կարող էի անել, ինչեր կարող էի ստեղծագործել»: Վերջին 18 տարում ոչ խոսել է, ոչ ծիծաղել, ոչ լացել է, ոչ երգել, ոչ դաշնամուր է նվագել, միայն լռել է և մահացել Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Արդյո՞ք վերջին շունչը տալուց, ասել է «Ինչու՞»:

Արդյո՞ք այս մարդը, որ հավաքագրել, համակարգել, պահպանել և մեզ է հասցրել թուրքական դասական երաժշտությունը, թյուրքյուները (խմբ. ժողովրդական երգեր), ձեզ այդչափ դուր եկող երաժշտություններից շատերը, չպետք է արժանանա մի հուշարձանի, թեկուզ փոքրիկ հուշակոթողի:

Ու՞մ պատմեմ իմ մտահոգությունը… Այս օրերին Հունգարիայում «Գյուլ Բաբա» աղոթատեղիի բացումն իրականացնող նախագահի՞ն, ներքին գործերի, արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախարարությունների՞ն, թե՞ այսպես կոչված մշակույթի նախարարությանը, միգուցե Քյութահյայի նահանգապետի՞ն:

Ահ, եթե միայն հարցնեիք, թե ինչ մտահոգություն ունեմ…

«Մտահոգությունս այն է, թե ինչու՞ Քյութահյայում չկա այսքան կարևոր մեկի` Կոմիտասի կիսանդրին, հուշարձանը»… Նրա համար, որ հա՞յ է…»

Աղբյուր`   Birgun

Մեկնաբանել
Loading...