Թիվ մեկ պայմանը անկեղծությունն է․ եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ շանսերը բավականին լավ կլինեն․ Մարգարիտ Եսայան

Ամենայն հավանականությամբ, իշխող նախկին կուսակցությունը՝ Հանրապետականը, կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ այժմ թեկնածուների փնտրտուքների մեջ է, չնայած շատ են հնչում կարծիքներ, որ ՀՀԿ-ն նույնիսկ շանսեր չունի խորհրդարանում հայտնվելու համար: Հաշվի առնելով  ՀՀԿ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխոթյունների տապալումը` ռեյտինգային ընտրակարգի մնալը ձեռք է տալիս այդ կուսակցությանը, քանի որ կուսակցությունում դեռ կան մարդիկ, ովքեր առանձին տարածքներում կարծում են, որ համբավ ունեն եւ կարող են բավականաչափ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար:

Թեպետ թավշյա հեղափոխությունից հետո հասարակության մեծ մասին թվում է, թե Հանրապետականի շանսերը անհույս են, սակայն հարցումներ կան, որոնք ցույց են տալիս, որ տվյալ ուժը խորհրդարանում կարող է նույնիսկ երկրորդ ուժը լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո: Օրինակ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, խոսելով ՀՀԿ-ի շանսերի մասին, ասել է, որ նրանց շանսերն այդքան անհույս չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։

Չնայած իշխանությունների եւ վարչապետի լուրջ վարկանիշին, որը հազիվ թե նվազի այս կարճ ժամանակում` ամեն դեպքում, կա որոշակի խումբ, որը նախկին իշխանությունների օրոք նրանց սոցիալական բազան էր: Նրա խոսքով` դա բիզնեսն է, վերնախավի մի մասը, նրանց հետ կապված մարդիկ: Այդ ամենը որոշակի տոկոս են կազմում, եւ նրանք են ՀՀԿ էլեկտորատը: «Հարցն այն է, թե որքանով ՀՀԿ–ին կհաջողվի համախմբել նրանց, եթե, իհարկե, նրանք մասնակցեն ընտրություններին»,- հավելել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի ունեցած շանսերի մասին խոսել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:

-Տիկի՛ն Եսայան, արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Դուք լինելո՞ւ եք ՀՀԿ-ի ցուցակներում:

-Այո, իհարկե առաջադրվելու եմ: Բոլոր այն թեկնածուները, ովքեր լինելու են համամասնական ցուցակում, առաջադրվելու են նաեւ ռեյտինգայինով. այդպիսին է պայմանավորվածությունը:

-Արդեն հայտնի է, որ կան ՀՀԿ նախկին ներկայացուցիչներ, ովքեր լինելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ինչպե՞ս եք վերաբերվում սրան:

-Ճիշտ ասած` որեւէ տեղեկություն չունեմ, թե ով որ ցուցակում է լինելու: Կարող եմ ասել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ընտրությունը կատարում: Գիտեք իմ բնավորությունը: Ես չեմ ուզում դատավորի կեցվածք ընդունել: Ցանկացած մարդու որոշում հարգում եմ: Թող իրենք որոշեն` որտեղ կլինեն, ում հետ կլինեն եւ ոնց:

–Հանրապետական կուսակցությունից մեծ արտահոսք է սկսել: Մտավախություն չունե՞ք, որ դա շարունակական կլինի:

-Ովքեր պետք է գնային, արդեն գնացել են: Ովքեր մնացել են, նրանք մնալու են ընդմիշտ:

-Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ աշխատենք, եթե ազնիվ ու անկեղծ լինենք մարդկանց հետ, եթե մենք ինքներս մեր սխալներն ու թերությունները ներկայացնենք ազնվորեն եւ կեղծավորություն չանենք, կարծում եմ, որ շանսերը վատ չեն լինի, բավականին լավ կլինեն: Ըստ իս` թիվ մեկ պայմանը անկեղծությունն է: Եթե կարողանանք էդպես աշխատել ընտրողների հետ, ամեն բան լավ կլինի:

-Ձեր նշածները ե՞րբ պետք է երևան:

-Կերեւան քարոզարշավի ընթացքում: Այդ ժամանակ կլինեն բակային, ընդհանուր հանդիպումներ, գուցե նաեւ բանավեճեր: Դա դեռ հստակ չգիտեմ, որովհետեւ հիմա այդ փաստաթղթային մասերով ենք զբաղված: Բայց էլի եմ ասում` ընտրողի հետ պայմանը պետք է լինի անկեղծությունը: Վստահ եմ` շատ կան մարդիկ, ովքեր մեզ հետ են, մեզ հետ են լինելու ապագայում եւ մեզ հաստատ ձայն են տալու: Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն: Չէի ասի, որ շատ մեծ են մեր շանսերը, բայց հույս ունեմ` մենք ունենք նորմալ շանսեր: Այսօր Հայաստանում ընդամենը մեկ քաղաքական ուժ բարձր շանսեր ունի

–Ինչի՞ հետ է դա կապված:

-Դա կապված է միայն մեկ անձի` Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչքան ձայն կստանա «Իմ քայլը» դաշինքը, դա միայն նրանն է, կրկնում եմ` բացառապես նրանը: Այս պահին Հայաստանում անձի պաշտամունք կա, եւ այդ անձը կստանա բոլոր այն ձայները, որը կստանա ինքը:

–Ովքե՞ր են լինելու Ձեր ցուցակներում: Նոր դեմքեր կտեսնե՞նք:

-Ճիշտն ասած` ցուցակը չեմ տեսել եւ չգիտեմ` ովքեր են լինելու: Ես միայն իմ մասով կարող եմ ասել, որ հաստատ առաջադրվելու եմ: Ընտրողների հետ ազնիվ եմ լինելու: Այն ընտրատարածքում, որտեղ ես եմ առաջադրվելու, մարդիկ ինձ կտեսնեն, կլսեն, մեծ հույսեր ունեմ, որ կհավատան եւ ձայն կտան:

Աղբյուր՝ armlur.am

Loading...