Էդմոն Մարուքյանը վարկերին առնչվող նոր օրենքի նախագիծ է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այս մասին պատգամավորը հայտնում է տարածած մամուլի հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի՛ գործընկերներ,

հոկտեմբերի 1-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր տուժանքը կարող է հասնել 300%-ի՝ հաշվարկված հիմնական պարտքագումարի նկատմամբ, մինչդեռ մեր կողմից առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում տուժանքի առավելագույն գումարը կկազմի 50%:

Նախագծով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա։

Հայտնի փաստ է, որ վարկային, փոխառության կամ նմանատիպ այլ պայմանագրերով նախատեսվող տույժ-տուգանքի տոկոսները վերջին հաշվով բազմապատկում են քաղաքացիների կողմից իսկզբանե փաստացի ստացված գումարը։ Այստեղ չենք էլ հաշվում կոմիսիոն և այլ վճարները, որոնք զգալիորեն բարձրացնում են կիրառվող տարեկան փաստացի տոկոսադրույքը։

Ավելորդ է խոսել անգամ գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գումարով գրավի առարկաների իրացման մասին։ Նույն հոդվածի գործող խմբագրությամբ՝ դատարանը կամ հաշտարարն իրավունք ունեն պակասեցնել վճարման ենթակա տուժանքի չափը միայն պարտավորության խախտման հետևանքների ակնհայտ անհամաչափության և օրենքով նախատեսված դեպքերից առնվազն մեկի միաժամանակյա առկայության դեպքում: Այսինքն, միայն ակնհայտ անհամաչափությունը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքի չափը պակասեցնելու համար, ինչը չի կարող արդարացի համարվել:

Ըստ այդմ, նախագծով առաջարկել ենք ևս մեկ լուծում՝ սահմանել, որ դատարանը կամ հաշտարարը կարող է պակասեցնել տուժանքի չափը, եթե՝ – եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին ԿԱՄ – պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու ԿԱՄ – մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում ԿԱՄ – պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից: Այսպիսով, նախագծով թույլ է տրվում, որպեսզի հոդվածով նախատեսվող բոլոր հիմքերը դատարանը կամ հաշտարարն առանձին կիրառելու հնարավորություն ունենան, այսինքն՝ յուրաքանչյուրը լինի ինքնուրույն հիմք։

Օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ այս դեպքում գործում է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Փոխարենը, առաջարկվում է սահմանել հնարավոր ամենավաղ ժամկետը՝ օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա»։