Երևանի կենդանաբանական այգու առյուծներին սպանված են գտել․ Ո՞վ և ինչու՞ է նման բան արել՝ պարզաբանում է տնօրենը

Սոցիալական կայքերում տարածված լուսանկարները, որոնցում սպանված առյուծներ են երևում, արվել են 2017թ-ին։ Այս մասին հայտնեց Երևանի կենդանաբանական այգու հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Աբրահամյանը։

Անժելիկա Ջավադյան անունով ֆեյսբուքյան օգտատերն այսօր սպանված առյուծների լուսանկարներ է հրապարակել` նշելով, որ դրանք կենդանաբանական այգու կենդանիներն են։ «Մեկ տարվա վաղեմության լուսանկարներ են, ու չեմ հասկանում, թե ինչ նպատակով են հիմա հրապարակվել»,- Sputnik Արմենիային ասաց Աբրահամյանը։

2017թ-ին Երևանի կենդանաբանական այգու 3 առյուծները, Աբրահամյանի խոսքով, էֆթանազիայի էին ենթարկվել, քանի որ նրանց մոտ առողջական անբուժելի խնդիրներ էին հայտնաբերվել։ «Դրանք այն առյուծներն էին, որ տարիներ շարունակ բնակվել էինք փոքր վանդակներում։ Անընդհատ նստած վիճակից ծանր հիվանդություններ էին ստացել։ Այգու երկու անասնաբույժները, ընդ որում` մեկն ազգությամբ ֆինն, եզրակացրել էին, որ բուժումներն արդյունք չեն տալիս»,– ասաց Աբրահամյանը։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ այգու ղեկավարությունն անցյալ տարի առյուծների հարցով դիմել էր նաև արտասահմանյան, մասնավորապես` իրանցի ու եվրոպացի գործընկեր անասնաբույժների, որոնք ևս հաստատել էին, որ նման հիվանդությունների դեպքում կենդանիներին պահելն անմարդկային է։

«Այդ նամակները բոլորը կան, պատասխանները` նույնպես։ Բացի այդ, Եվրոպական կենդանաբանական այգիների ու ակվարիումների ասոցիացիայի կանոնակարգով ևս նախատեսված է, որ եթե կենդանին տանջանքներ ունի, և բուժումն արդյունք չի տալիս, նրան պետք է ազատել այդ տանջանքներից»,- ասաց Աբրահամյանը։

Loading...