Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ. Անահիտ Մութաֆյան - Bavnews.am

Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ. Անահիտ Մութաֆյան

Life.panorama.am -ը դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանի էկրանային լռությունը, ինչպես նաև պարզել է, թե ինչ է ինքն իրեն մաղթում կանանց տոների կապակցությամբ:
«Հիմա զբաղված եմ իմ մշտական աշխատանքով՝ թատրոնով, իմ անդավաճան սիրո կողքին եմ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իմ միակ ու անդավաճան սերն է: Այս շրջանում պատրաստվում ենք նոր ներկայացման, խոսքը բոլորի կողմից շատ սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ներկայացման մասին է:  Թատերասեր հասարակությունը կտեսնի ֆիլմի ներկայացման տարբերակը: Ասեմ, որ նախկինում Սունդուկյան թատրոնի խաղացանկում եղել է այս ներկայացումը, հիմա կրկին բեմադրվում է, որտեղ մարմնավորում եմ Արտակի հորաքրոջ կերպարը», – պատմեց դերասանուհին:
 Նրա խոսքով՝ մայր թատրոնը հիմա նոր թափ է առել, որը ուրախալի է և դերասանների, և թատերասեր հանդիսատեսի համար:
«Մենք ունենք հրաշալի երիտասարդ տնօրեն՝ Վարդան Մկրտչյանը, ով եկել է, որպեսզի գործ անի, ոտքի հանի թատրոնը: Նույնը կասեմ նաև գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի մասին, նրանք երկուսով ցանկանում են թատրոնը, այսպես ասած, գծի վրա գցել, որպեսզի այն լինի առաջնային թատրոն, լավ թատրոն, մայր թատրոն»,- հավելեց Անահիտը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայում էկրանային լռությունը, դերասանուհին ասաց, որ նա այն դերասանների տեսակին է պատկանում, որ չեն սիրում հոգնեցնել հեռուստադիտողին իրենց ներկայությամբ:
«Հեռուստատեսային նախագծերի առաջարկները չեն պակասել, կան, ուղղակի հիմա ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ և սպասում եմ մի կերպարի, որն ավելի հոգեհարազատ կլինի, սպասում եմ նաև մի խմբի առաջարկի, որի հետ կցանկանամ աշխատել: Ես մի քիչ տրամադրության մարդ եմ եւ ընտրում ու կարեւորում եմ նաև թիմային աշխատանքը: Բացի այդ, կարեւորում եմ նաև առաջարկվող նախագծում իմ կերպարի բնույթը, այն պետք է հոգեհարազատ լինի ինձ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սերիալը դերասանի համար գումար աշխատելու հնարավորություն է, բայց ես չեմ ընկնում գումարի հետևից: Իմ կերպարը պետք է հոգեհարազատ լինի ինձ, սցենարը պետք է գրագետ գրված լինի, որպեսզի ես տամ իմ համաձայնությունը, նաև միշտ ցանկանում եմ ունենալ խաղընկերներ, որոնցից կսովորեմ ինչ-որ նոր բան»,- ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ Life.panorama.am