Դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոցը հավատն է - Bavnews.am

Դեպրեսիայից դուրս գալու լավագույն միջոցը հավատն է

Չգիտեմ երբ ու որտեղից սկսվեց, բայց մի օր հասկացա, որ շունչս չի հերիքում անգամ քաղաքից հեռու, թավ բնության ու կատարյալ լռության մեջ։ Հանկարծ ծագում էին մտքեր ինքնասպանության ու կյանքի անիմաստության մասին։ Ամեն բան կորցրել էր իր գույնը, կյանքը կարճ ու փակ շղթա էր թվում, ուր ամեն բան նույնն էր, չկար իմաստ, շնչելը այնքան բարդ էր ու դժվար։ Իհարկե, սթրես էր, նյարդերի լարում, անտանելի գլխապտույտ ու սրտխփոց, չգիտեմ ինչու՞, ինչի՞ արդյուքում առաջացած տագնապ, ցավ՝ դեռևս դրան չհասած։

Ինքս ինձ միշտ կարողացել եմ վերահսկել, բայց այս անգամ ինքնավերլուծությունները ավելի դժվար էին ու անհնար։ Գուցե այդքան դժվար չլիներ եթե հավատայի, բայց հավատի մասին խոսք գնալ չէր կարող, ես հասկացել էի, որ արդեն բավական երկար ժամանակ չունեմ ոչ վստահություն, ոչ էլ հավատ որևէ կրոնի, աստծո նկատմամբ ու դա գիտակցելն ավելի ցավալի էր ինձ համար։

Այդ ժամանակ պիտի ամեն վայրկյան տեսնեի ծնողներիս, պիտի զգայի, որ նրանք կողքիս են ու անվտանգ, վախն ու տագնապը անընդհատ հետևում էին ինձ։ Ցավոք, չէի գիտակցում, որ դժբախտությունները միշտ չէ, որ հաջորդում են միմյանց ու առաջ շարժվելու դեպքում դրանց կհաջորդեր ավելի լուսավոր շղթա։

Իհարկե, չգիտեմ ինչպես և որտեղից կարողացա ուժ գտնել ու պայքարել ինքս իմ մտքերի դեմ․ ես պիտի վստահեցնեմ ինձ, որ սխալվել եմ հեռանալով հավատից, դրանում ինձ օգնեց «Աստվածաշունչը»։ Ամեն էջը մի կերպով բնութագրում էի իմ զգացածը ու ձեռք էր մեկնում ճահիճից դուրս բերելու համար, դեմքս կամաց-կամաց սկսում էր փայլել, աչքերս ու ուղեղս դուրս էին գալիս խավարի այդ բեռից։

Որոշ ժամանակ անց հասկացա, որ իմ՝ տարիների զբաղված միտքը, այս տագնապն է ստեղծել պարապությունից և ձեռք բերեցի ևս մի գիրք, որը մոտիվացնում ու մեծ նպատակների հեռանկար էր ցույց տալիս ինձ (վստահ եմ հազարավոր ավելի լավ գրքեր կան գրված հոգեբանների կողմից, բայց այդ ժամանակ իմ երկրորդ լույսը այդ գիրքը բերեց)։ Այդ ժամանակ ես հասկացա, որ չկան աշխարհում սահմաններ, երբ մարդն ուզում է հասնել իր նպատակներին։

Մինչ այդ աշխատատեղերի հետ կապված բողոքներիս փոխարինեց մեծ հավատով ու նվիրումով նպատակիս հասնելու ձգտումը։ Հավատացեք, երբ կան նպատակներ, իրադարձությունները դասավորվում են ձեր օգտին, անհետանում են բոլոր տեսակի վախերը, կյանքը լցվում է ավյունով։ Ավելի գունեղ ու լուսավոր երբևէ չի եղել աշխարհը, յուրաքանչյուրը սիրելի են դառնում, չարությունը ու կենցաղային խեղդուկը աննշան մի բան են թվում։

Խավարից հետո լույսն ավելի բաղձալի է, յուրաքանչյուր բացված առավոտ ինձ տալիս է շնորհակալ լինելու բազում առիթներ, ամեն կատարած ներշունչ այնքան մեծ սեր է բերում իր հետ։

Շնորհակալ եմ, որ անցել եմ այս ամենի միջով, հակառակ դեպքում երևի երբեք էլ չզգայի աշխարհի ու կյանքի գեղեցկությունը, չգնահատեի մարդկանց, ովքեր միշտ կողքիս են եղել։

Այն անհավատության ու կործանման տանող օրերը հիմա ես 2-րդ ծնունդ եմ կոչում։

Ես ծնվել եմ 2017 թվականի փետրվարին։