Գորիսում տնակում ապրող 40 ընտանիք բնակարան կստանա նորակառույց շենքում՝ շնորհիվ Առուշ Առուշանյանի

Գորիս համայնքի  բնակարանային խնդիրներ ունեցող մի շարք  ընտանիքներ կապահովվեն նոր բնակարաններով: Այս մասին  հայտնել  է համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:  Գորիսում տարիներ առաջ հրդեհված շենքերի տարածքը  /Անկախության 107 հասցեում գտնվող/  կփոխարինվի նորակառույց թաղամասով: Գորիսի համայնքի ղեկավարի խոսքերով՝ շինաշախատանքերը նախագծման փուլում են և մարտ ամսին շինարարության մեկնարկը կտրվի: 

Սոցիալական բնակարանային ծրագրի առաջին փուլի ընթացքում նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 40 բնակարան: 2 մուտքով 4 հարկ ունեցող շենքը, Առուշանյանի խոսքերով, կառուցվելու է ժամանակակից ճարտարապետական լուծումներով և իր հարմարավետությամբ ու պայմաններով՝ լինելու է լավագունը:  Բնակարանները առաջնահերթ տրվելու են սոցիալապես անպահով, բազմազավակ և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին:

«Գորիսում այս պահին շուրջ 84 ընտանիք բնակվում է ժամանակավոր տնակ- կացարանում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել կարճ ժամանակահտվածում լուծել բնակարանային խնդիրները՝ ձգտելով բարելավել սոցիալապես անապահով խավի կյանքի որակը:  Ես մշտապես այն համոզմունքին եմ, որ բնակարանային խնդիրները լուծելով, մենք կարող ենք կանխել արտագաղթը, ստեղծել նպաստավոր պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիները վաղվա օրվա նկատմամբ իրենց հավատն ու վստահությունը վերականագնեն, հայրենի հողում ապրեն, աշխատեն և իրենց ներուժը մեր համայնքում իրացնեն»,- մեզ հետ զրույցում նշել է Գորիս համայնքի ղեկավարը:

Առուշանյանի խոսքերով, բնակարանային շինարարությունն իրականացվելու է ներդրումների շնորհիվ, համայնքի բյուջեն սուղ է և հնարավոր չէ եղած միջոցներով այդ ուղղությամբ որևէ հարց լուծել:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Գորիսում հսկայական աշխատանքներ են իրականացվում ՝ հիմնականում ներդրումների շնորհիվ, մեզ հաջողվել է արդար աշխատանքով ձեռք բերել վստահություն, որպեսզի ներդրումները աննախադեպ ծավալով ավելանան: Բնակարանաշինությունը հերթական համագործակցության արդյունք է, ինչը հաջողությամբ իրականացնելու ենք», -ավելացրել է Առուշ Առուշանյանը:

Աղբյուր՝ armenpress.am

Loading...