Գյումրեցի 52-ամյա Արտակն ու 42-ամյա Կարմենն առաջնեկ են ունեցել. ծնվել է Մարիամը

Armtimes.com-ը գրում է․ Մարտի 8-ին գյումրեցի Հովհաննիսյանների տանը նոր լույս բացվեց: 52-ամյա Արտակի ու 42-ամյա Կարմենի երազանքն իրականացավ, ծնվեց նրանց առաջնեկը:

Երեխայի անունը Մարիամ են դնելու՝ ի պատիվ  Աստվածամոր: Ամուսիններն ասում են, երեխան իրենց սերն ու ջերմությունն առավել է կրկնապատկել: Դստեր ծննդին շատ են սպասել, մինչ ծնվելը վստահ են եղել, որ երեխայի հետ կապված ամեն մանրուք անգիր գիտեն: Հիմա, երբ  փոքրիկը լույս աշխարհ է եկել, ամեն ինչ իրար է խառնվել: Մարիամի լացից անփորձ ծնողները խառնվում, իրենց կորցնում են։

Կարմենը խոստովանում է. քանի դեռ Գյումրու ծննդատանն է, հանգիստ է, բայց թե տանն ինչ է անելու, չգիտի: Ամուսինը խոստանում է վայրկյան անգամ կնոջը մենակ չթողնել: Միասին են մեծացնելու սպասված զավակին: Մարիամից բացի, Գյումրու ծննդատանն այսօր եւս 5 երեխա լույս աշխարհ եկավ: Երեքն աղջիկ էին, երկուսը՝ տղա: Մարտի 8-ի լուսաբացը Գյումրիում տղայի ճիչով է բացվել: Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքի երրորդ տղան է  ծնվել: Աղջիկ էին ուզում, բայց տղայի համար էլ են ուրախ, կարեւորը՝ երեխան առողջ եւ անփորձանք է ծնվել: Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատանը 27-ամյա Արմինեն 4-րդ երեխային լույս աշխարհ բերեց:

Գյումրու երկու ծննդատներում մարտի 8-ին ընդհանուր հաշվով 8 երեխա է ծնվել: Եթե մի քանի տարի առաջ տղա ունենալու ձգտումը մեծ էր, ապա այժմ այլ միտում է նկատվում: Հավասարապես ուրախ են ե՛ւ աղջկա, ե՛ւ տղայի համար,- ասում են մանկաբարձներն ու ընդգծում, հիմա մեծ դժվարությամբ են երեխաներ ունենում, առողջական խնդիրներն այնքան շատ են, որ հետին պլան է մղվում երեխայի սեռը, կարեւորն առողջ բալիկ լույս աշխարհ բերելն է: Փետրվարին Շիրակի մարզում 184 երեխա է ծնվել: 101 տղա եւ 85 աղջիկ է լույս աշխարհ եկել: Միայն Գյումրիում ծնվել է 64 երեխա,  25 տղա եւ 39 աղջիկ:

 Նյութի աղբյուր՝ armtimes.com
Loading...