«Գիշերը վեր կացա տենամ՝ ամբողջ ձեռս արուն ա, կռիսները պոկել էին ձեռս, բա որ տեսնեիք էրեխեքիս քիթը, ականջները, ձեռները». աղետի գոտին ինչպես կա

Թասի մեջ արդեն հասունացած հացի սպիտակ խմորը դժվարությամբ սահեցնում է նախապես ձեթով փայլեցրած վառարանի ամանների մեջ, փորձելով որքան հնարավոր է խմորի երեսը կոկիկացնել։ Խմորի երեսին ձեթ քսելով՝ այն տեղավորում է արդեն տաքացրած վառարանում։ Հիմնականում աշխատում է ձախ ձեռքով, աջ ձեռքի դաստակը այտուցված է ու վնասված։

«Անցած գիշեր վեր կացա, որ փոքր աղջկաս համար կաթ տաքացնեմ, տենամ՝ ամբողջ ձեռս արուն ա, կռիսները պոկել էին ձեռս։ Ուռել էր, չէի կարողանում շարժել, վերքերը նայեք,- ասում է 35-ամյա Լիլիթ Նիկողոսյանը՝ ցույց տալով վնասված ձեռքը: – Էս դեռ լավ ա, բա որ տեսնեիք էրեխեքիս քիթը, ականջները, ձեռները էլի պոկել-տարել էին»,- ասում է նա։

Լիլիթ Նիկողոսյանի 12 հոգանոց ընտանիքը ապրում է Սպիտակի Գերմանական տնակային թաղամասում։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գերմանացիները կառուցեցին այս թաղամասը, նախատեսելով այն հինգ տարվա բնակության համար։ Սակայն այստեղ մարդիկ ապրում են արդեն 25 տարի։

«Հինգ տարեկան էի, որ երկրաշարժը էղավ, մենք մեծացանք էս տնակներում, հիմա՝ մեր էրեխեքը։ Սկզբում ապրում էինք սկեսուրիս տանը, կողքի տնակում, բայց քանի որ տասը էրեխա ունեցա, քաղաքապետարանը տվել է էս երկու սենյականոց տնակը, որտեղ տեղավորվում ենք տասներկու հոգով»,- ասում է Լիլիթը, ով ունի վեց աղջիկ և չորս տղա։

Վեց աղջիկները քնում են մի սենյակում, մյուսում` ամուսինները`տղաների հետ։ Երեխաներից մեծը 18 տարեկան է, փոքրը՝ 3: Ապրում են երեխաների 68 հազար դրամ նպաստով։ Լիլիթն ասում է, որ ամուսնու սիրտը վերջերս են ստենտավորել, ծանր աշխատանք չի կարողանում անել, ինքն էլ երբ գարունը բացվում է, օրավարձով աշխատում է դաշտերում։

Գերմանական թաղամասը Սպիտակ քաղաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում։ Տնակային այս թաղամասում չկան խանութ, դպրոց, մանկապարտեզ։ Բնակիչները ոտքով են անցնում այդ ճանապարհը։

«Դպրոց՝ ոտով, խանութ՝ ոտով։ Նոր-նոր մի հատ մարշրուտկա են դրել, լավ ա գոնե էրեխեքին առավոտները տանում ա, էտ ա ու վերջ։ Իսկ իրիկունները գնում ենք աղջկաս ընդառաջ, որովհետև չոլի մեջ ենք ու շատ վտանգավոր է, մարդ կա՝ մութն ընկավ՝ տնից հեչ դուրս էլ չի գալիս»,- պատմում է Լիլիթը։

Նախքան երկրաշարժը Սպիտակը Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից մեկն էր, որն ուներ 18.400 բնակչություն։ 30 տարի առաջ տեղի ունեցած աղետալի երկրաշարժին զոհ գնացին 4000-ը։

Այսօր բարեկարգված Սպիտակում կան տարբեր թաղամասեր՝ կառուցված տարբեր երկրների կողմից։ Դրանք են՝ Շվեյցարական, Չեխական, Ֆիննական, Նորվեգական, Ռուսական, Ուզբեկական, Էստոնական, Տամբովի թաղամասերը, որտեղ այսօր ապրում է Սպիտակի 13 000 բնակչության մի մասը:

Սակայն Գերմանական և Իտալական թաղամասերը, որոնք ձգվում են քաղաքից դուրս տարբեր հատվածներում, շարունակում են դեռևս գոյատևել։ Ժամանակավոր տնակներ են տեղադրված նաև քաղաքի Պանրագործների, Այգեստանի, Օդակայանի, Մուրացանի թաղամասերում: Այս տնակներում շարունակում են անմարդկային պայմաններում ապրել Սպիտակի 420 ընտանիքներ։

Նրանցից մեկում էլ արդեն 22 տարի ապրում է 47-ամյա Զոյա Թորոսյանի ընտանիքը։

«Սկզբում ամուսնուս ծնողների հետ իրանց դոմիկում էինք ապրում։ Հետո որոշեցինք առանձնանալ, նայեք էս կողքի շինությունը, տան պատերը մինչև անգամ բարձրացրինք, բայց հետո աշխատանք չեղավ, դժվարություններ… կիսատ մնաց, 600 դոլարով էս էրկու դոմիկը առանք, միացրինք իրար ու արդեն 20 տարուց ավել ստեղ ենք ապրում»,- ասում է Զոյա Թորոսյանը, ով թիթեղյա տնակում մեծացրել է երեք երեխաներին, իսկ այսօր արդեն՝ նաև թոռներին։

Տնակի ներսում չկան կոմունալ պայմաններ։ Լվացվում են և լոգանք ընդունում տնակից դուրս, ինչը հատկապես ձմռանը բնակիչների համար սարսափելի է։

Առավել մանրամաը՝ medialab.am

Մեկնաբանել
Loading...