Բակո Սահակյանը կրակի հետ է խաղում. Թիկունքից հարված Նիկոլ Փաշինյանին

Արցախի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին ու ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:

Պատգամավորները նշել են Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները Արցախի և Հայաստանի պետականաշինության գործում:

Թե ինչ վաստակ է ունեցել Քոչարյանը պետականաշինության գործում՝ մոտեցումների ու ճաշակի հարց է: Արցախի պատգամավորները ենթադրվում է լավ գիտեն, թե ինչպես Քոչարյանը Արցախում դարձավ նախ ՊՊԿ, հետո հանրապետության նախագահ, ինչպես մեկնեց Հայաստան եւ այլն: Մյուս կողմից, նրանց համար թերեւս դա պետականաշինության օրինակ է, քանի որ այդ ստորագրողներն այն նոմենկլատուրան է, որը միշտ հարմարվել է ցանկացած իրավիճակի եւ շահել է դրանից:

Հարց է առաջանում նաեւ, թե ինչ վաստակ ունեն այդ պատգամավորները Արցախի պետականաշինության հարցում: Ստեփանակերտում շատերն են հեգնանքով նշում, որ Ազգային ժողովի վրա Արցախի ու Հայաստանի հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ են ծախսվում միայն այն բանի համար, որ այդ խորհրդարանը տարին մեկ-երկու անգամ իշխանությանն աջակցելու հայտարարություն անի:

Արժե այդ պատգամավորներին հիշեցնել ապրիլյան պատերազմից հետո Արցախի ԱԺ երկրոդ խայտառակ հայտարարությունը, որից հետո եթե այդ պատգամավորները մարդկային ու քաղաքական արժանապատվություն ունենային՝ վայր կդնեին իրենց մանդատները, իսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կենթարկվեր պատասխանատվության:

Թվում է՝ անմեղ բան է արցախցի պատգամավորների միջնորդագիրը, սակայն զուգահեռ Արցախում ու Հայաստանի որոշ շրջանակներում սկիզբ առած մի «արշավի» ֆոնին այն այլ երանգներ է ստանում: Բանն այն է, որ սկսվել է «հողերը չհանձնելու» քարոզարշավ, եւ տարածվում են թեզեր, թե քրեական հետապնդման են ենթարկվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, ովքեր այլ կարծիք ունեն Արցախի հարցում: Ինչ այլ կարծիք նրանք ունեին, կամ ով է պատրաստվում հող հանձնել: Ենթադրվում է՝ նոր իշխանությո՞ւնը: Արժե թերեւս կրկին հիշեցնել, թե ինչպես 90-ականների սկզբին փոխվեց իշխանությունը Արցախում, ինչ փաստաթղթեր ստորագրվեցին դրա արդյունքում, եւ ինչ դեր դա ունեցավ Արցախի կարգավորման գործընթացում հայկական կողմի աննպաստ վիճակի հարցում:

Այս ամենը չի կարող կատարվել առանց Բակո Սահակյանի: Արցախում մեծ դժգոհություն կա նրա կառավարման հարցում, տեղի են ունեցել բողոքի ելույթներ: Հայաստանի նոր իշխանությունն աջակցություն է հայտնել նրան բարեփոխումների հարցում: Բայց այդ «բարեփոխումները» սահմանափակվել են մի քանի կոսմետիկ կադրային փոփոխություններով, փոխարենը Արցախը Բակո Սահակյանի ու Ազգային ժողովի ջանքերով նույնացվում է Հայաստանը կեղեքած հին համակարգի հետ: Թե ինչ ներքին ու արտաքին վտանգներ կան դրանում՝ կարիք չկա թվարկել:

Աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանել
Loading...