Ասացին, որ տղաս մնացել է փլատակների տակ, իսկ մայրս արդեն չկա․ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյան


Bavnews.am-ը զրուցեց Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի հետ։

30 տարի առաջ` դեկտեմբերի 7-ին,  ընդամենը 30 վայրկյանում բնական աղետը դարձավ 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը, ով աղետի պատճառով կորցրել է մորը, ականատեսի աչքերով պատմում է՝ ինչ է կատարվել այնտեղ աղետից ժամեր անց։

-Պարոն Գրիգորյան, Դուք որտե՞ղ էիք այդ օրը, այդ ժամին. աշխատանքային գործունեություն իրականացնելի՞ս եղավ աղետը

-Այդ օրը ես Գյումրիից գնում էի Երևան, և ճանապարհին` քաղաքից  7-8 կմ հեռավորության վրա էինք, երբ  սկսեց երկրաշարժը, չմտածեցինք, որ լուրջ է, քանի որ ճանապարհին պարիսպներ կային, որոնք չփլվեցին, դրա համար շարունակեցինք ճանապարհը։

Երբ հասանք Երևան, ճանապարհին շտապ օգնության մեքենարն էին անցնում, կանգնեցրիք, հարցրինք՝ իմացանք, որ ավերիչ երկրաշարժ է Գյումրիում, ավելին՝ ասացին, որ Գյումրիում կանգուն հիվանդանոց չկա, և մենք, բնականաբար,  հետ գնացիք։

Քաղաք մեքենայով մտնել հնարավոր չէր, ոտքով եկա, և բնական է, որ առաջին բանը իմ՝ տուն գնալն էր, եկա մեր բակ և տեսա, որ մեր երեք շենքի փոխարեն երեք բլուր է, ասացին, որ տղաս մնացել է փլատակների տակ, իրեն հանել են, մոր հետ տարել հիվանդանոց, մայրս այլևս չկա, երկու ժամ ման գալուց հետո գտա կնոջս և երեխայիս։ Տղաս փոքր էր․ մի կերպ տարել եմ Երևան, որտեղ Լենինգրադից եկած բժշկական խումբ կար, տարա Առաջին կլինիկական հիվանդանոց, նա ուներ 8 կոտրվածք։ Մի քանի ամիս պահանջվեց, որ ապաքինվի։

-Որքան էլ բարդ է հիշելը, եկեք մի պահ տեղափոխվենք Գյումրի և հասկանանք՝ ինչ էր կատարվում անմիջապես աղետի գոտում


-Ավերածությունները նկարագրելն անհնար է․ փողոցներում դիակներ էին, սգավոր մարդիկ, ովքեր կորցրել էին հարազատներին, ամե՜ն ինչ։

Ես, երբ եկա, շտապեցի հիվանդանոց, որը մասամբ էր քանդվել, բոլոր երեխաներին էվակուացրել էին իրենց տները։ Հունվարի 12-ին, միայն, հիվանդանոցի բակում զինվորականների կողմից կառուցվեց բուժկետ, որտեղ սկսեցինք ծնունդներ ընդունել։


-Դուք նույնպես անմասն չեք մնացել կորուստներից,  ինչպե՞ս եք հաղթահարել իրավիճակը, ի՞նչն էր, որ նման պայմաններում ուժ էր տալիս

-Առհասարակ, ծննդաբերող կնոջը չի կարելի թողնել բախտի քմահաճույքին, աշխատանքի ժամին պետք է կատարես աշխատանք։ Բացի այդ, ամբողջ աշխարհից եկել էին բժիշկներ, ովքեր օգնում էին: Ես  չէի կարող թողնել իմ հիվանդներին, ես կատարել եմ իմ  առաքելությունը, քանզի  շրջապատի առողջությունը ավելի կարևոր էր, քան սեփական շահը։ Բացի այդ, ես պահպանեցի Հիպոկրատի իմ երդումը։

-Դուք ունեի՞ք մասնագիտական պատրաստվածություն, գիտեի՞ք՝ ինչպես պետք է վարվել նման իրավիճակներում

-Ոչ մի բան մենք չգիտեիք, անտեղյակ էինք։ Ավելին, մենք ունեինք հակաօդային պաշտպանության համակարգ, բայց որևէ ուսուցում այդ ուղղությամբ չկար։ 

Մի փաստ էլ․ գոյություն ունի սեղմման սինդրոմ, երբ երկար ժամանակ օրգանիզմի մի մասը մնում է ճնշման տակ, այնտեղ բավականին փոփոխություններ են կատարվում, հանելուց պետք է զգույշ լինել, ճիշտ վիրակապել, բայց մենք չգիտեինք դրա մասին և շատ զոհեր ունեցանք։ Լինում էր՝ փլատակներից մարդկանց կենդանի հանում էին, բայց մեկ-երկու ժամ հետո մահանում էին։

-Իսկ այժմ որևէ բան փոխվե՞լ է, մենք ապահովագրված չենք, եթե, Աստված չանի, նման դեպք կրկնվի, կարո՞ղ ենք հաղթահարել իրավիճակը


-Հիմա անհամեմատ լավ է, ժողովուրդը իրազեկ է և պատրաստ դիմակայելու արհավիրքներին։ Զինված են տեխնոլոգիաներով թե՛ Գյումրին, թե՛ մայրաքաղաքը։ Մենք համագործակցում ենք Արտակարգ իրավիճաների նախարարության հետ և ձեռք ենք բերում  համապատասխան պարագաներ։

-Իսկ արտերկրից եկած օգնությունը արդյոք բավարա՞ր էր

-Արտերկրից ժամանած մասնագետները մեզ սովորեցնում էին՝ ինչպես վարվել նման իրավիճակներում, ինչպես ճիշտ մաքրել փլվածքը, մարդկանց անվնաս հանել դրանց միջից։

Մենք իմացանք՝ ինչ է իրական երկրաշարժը։

Օգնությունը իսկապես անգնահատելի էր։ Պարենային օգնությունը, որ ուղարկել էին հարևան պետություններից, օրինակ, Վրաստանից, հասել էր Գյումրի, սակայն, այն օգնությունը, որ եկավ արտասահմանից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, իսկապես անգնահատելի էր։

-Կհիշե՞ք որևէ դեպք, որ մեխվել Է Ձեր հիշողության մեջ

-Դեպքերը այնքան շատ են եղել, որ դժվար է հիշելը, բայց մեկը ինձ շատ էր հուզել․ երկրաշարժի 12-րդ օրը երկու երեխա հանեցին՝ 5 և 2 տարեկան, սոված մնացել էին, բայց անվնաս էին։

-Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ հիշում եք երկրաշարժից հետո ծննդաբերող կանանց, արդյոք շա՞տ էին այդպիսի կանաք։ Դժվար չէր արդյոք նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելը։

-Այո, ես երբեք չեմ մոռանա այդ կանանց։ Նրանք ցանկանում էին երեխաներ ունենալ՝ փորձելով լրացնել մահացածների բացը։

Երկրաշարժի 15 տարին լրանալիս էլ,  հավաքեցինք այդ կանաց և լավ միջոցառում կազմակերպեցինք։ Կոնկրետ այդ օրը 12 կին կար, որոնցից 9-ը ունենին 2 երեխա, մնացածը՝ մեկ երեխա։

Հիշում եմ ՝ այդ ժամանակ գերմանական կառույցի կողմից ստեղծվեց մի կառույց, որը հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում  հղի կանանց և երեխաներին։

-Շատերը ասում են, որ երկրաշարժը ազդել է կանանաց վերարտադրողական գործառույթի վրա, ինչպե՞ս կմեկնաբանեք այս արտահայտությունը։

-Առհասարակ, սթրեսը ազդում է, բայց ցայտուն օրինակներ ես չունեմ, որ ասեմ՝ նրանց քանակը ավելացել է։ Ավելին՝ անգամ մութ ու ցուրտ տարիներին, ծնելիության մակարդը այնքան բարձ էր, ինչ հիմա։ Գուցե սա պայմանավորված էր նրանով, որ աջակցությունը իսկապես արագ եկավ, և սթրեսը չհասցրեց արմատավորվել։

-Մինչև օրս էլ Գյումրիում, Սպիտակում և հարակից գյուղերում կան մարդիկ, ովքեր տնակներում են ապրում, չեն ստացել պատշաճ օգնություն, սա արդյոք պետական քաղաքականության բացթողում է, թե՞ անհատական խնդիր

-Սկզբնական շրջանում ամբողջ Սովետական միությունը պատրաստ էր վերացնելու հետևանքները․ կառուցվեց 88 թաղամասը, որտեղ բնակեցվեց ազգաբնակչության, երևի, մոտ 60 տոկոսը։ Երբ փլուզվեց սովետը,  մեր պետությունը խոստացավ կառուցել բնակարաններ։ Դրան հաջորդեց վատթար իրավիճակը, ծանր տարիները, և արդյունքում այդ բնակչության 40 տոկոսը մինչև օրս չունի բնակարան։

Ես հիմա «Գյումրին առանց տնակների» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ և գիտեմ, որ 2000-ի հասնող տնակները, պատիվ չեն բերում մեզ։ Մենք և Նոր կառավարությունը պայքարում ենք, որ մինչև 2020 թվականի վերջը չունենանք տնակներ։

-Անընդհատ շրջանառվում են լուրեր, որ եղած տները եղել են անորակ, էժան․ դա իսկապես կարո՞ղ  է լինել այսքան ավերածությունների պատճառ։

-Առանց կրակ ծուխ չի լինում։ Այն ժամանակ շինարարություններում համատարած գողություն էր, թեև այդ բալի ուժգնության երկրաշարժի ժամանակ, նույնիսկ, եթե ոչինչ գողացած չլինեին, սեյսմակայունությունը ավելի քիչ էր նախատեսված, քան եղավ երկրաշարժին։

-Եվ, վերջում․ Ի՞նչ կմաղթեք Ձեր, այսպես ասած, բախտակիցներին, նրանց, ովքեր նույնպես անցել և հաղթահարել են երկրաշարժը։

-Հիշողությունից ջնջել հնարավոր չէ, բայց պետք է շարժվել առաջ։ Եկող սերնդին դաստիարակել այն ոգով, որ չի կարելի նույնիսկ բնական աղտների դեմ ընկրկել և հանձնվել։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Loading...