«Աշխարհի բոլոր երկրներում հայ համայնքները բողոքի ձայն են բարձրացնում, իսկ մենք այստեղ ոչինչ անելու իրավունք չունե՞նք». թեժ քննարկում՝ Արա Աբրահամյանի հետ - Bavnews.am

«Աշխարհի բոլոր երկրներում հայ համայնքները բողոքի ձայն են բարձրացնում, իսկ մենք այստեղ ոչինչ անելու իրավունք չունե՞նք». թեժ քննարկում՝ Արա Աբրահամյանի հետ

Հայաստանյան վերջին իրադարձությունների շուրջ ապրիլի 21-ին բուռն քննարկում է տեղի ունեցել Ռուսաստանում: Քննարկման տեսանյութը համացանցում տարածվել է Գոռ Ալեքսանյան անունով օգտատիրոջ կողմից:

Պարզ երևում է, թե ինչպես է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձում ետ պահել մոսկվաբնակ երիտասարդությանը բողոքի ցույցեր կազմակերպելուց:

Նա ջանք չի խնայում նրանց հետ պահելու համար՝ ասելով, թե Հայաստանում անցկացվող հանրահավաքները հակաօրինական են, թե այն կազմակերպվել է մի խումբ մարդկանց կողմից, որտեղ ժողովուրդն անմասն է:

«Մի խումբ մարդիկ օգտվելով երկրի ճգնաժամային իրավիճակից՝ արտագաղթից, աղքատությունից և այլն, կազմակերպել են այս հանրահավաքները: Դրանք մի խումբ մարդիկ են, դա ժողովուրդը չէ»,- ասում է նա:

Քննարկմանը ներկա հայ երիտասարդներն ամեն կերպ հակադարձում էին վերջինին: Նրանք հռետորական հարցեր էին ուղղում Արա Աբրահամյանին. «Ինչպե՞ս է, որ այս օրերին աշխարհի բոլոր երկրներում հայ համայնքները համախմբվում են և բողոքի ձայն բարձրացնում, իսկ մենք այստեղ ոչինչ անելու իրավունք չունենք», «Ինչո՞ւ են մեզ արգելում, ի՞նչն է պատճառը: Մենք էլ ենք ուզում հոգեպես աջակցել մեր հայրենիքում պայքարող մարդկանց»:

«Շարմազանովը հայտարարում է, թե սա խաղաղ ցույց է, ոչ ոք զենք չի գործածելու, բայց Երևանի փողոցներում զրահապատ տանկ են ցուցադրում այն պարագայում, երբ 2016 թ-ի ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակվեց մեր զինվորների վրա, նրանք անգամ փամփուշտ չունեին: Այ սա է ՀՀԿ-ի խաբեբա, կոռումպացված դեմքը, ահա թե ինչու ենք մերժում նրանց»,- ասում էին քննարկման մասնակից երիտասարդները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նյութի աղբյուրը՝ mamul.am