Անասնաբույժը ֆիզկուլտուրա է դասավանդում, տնօրենը ծեծում է ուսուցչին․ ուսուցիչը ահազանգում է

Լոռու մարզի Խնկոյան համայնքի հիմնական դպրոցի նախկին ուսուցչուհի Անահիտ Կիրակոսյանի՝ դպրոցի տնօրենի դեմ պայքարը վերաճել է իրավապահ մարմինների դեմ պայքարի:

Մանկավարժը համոզված է, որ տնօրենի ապօրինությունները պատշաճ քննության չեն ենթարկվում ու ի վերջո կոծկվում են: Իրավապահներին բողոք էր ներկայացվել՝ հայտնելով, որ Խնկոյանի դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը իր ամուսնուն ձեւակերպել է որպես նույն դպրոցի գիշերային պահակ՝ ամսական ավելի քան 84 հազար դրամ աշխատավարձով, սակայն նա փաստացի չի ներկայացել աշխատանքի: Արդյունքում ընդհանուր առմամբ յուրացվել է մոտ 1 մլն 300 հազար դրամ: Անահիտ Կիրակոսյանն ասում է, որ այդ բողոքի հեղինակը թեպետ ինքը չէ, բայց ինքը հրավիրվել է բացատրությունների:

«Դպրոցն ունի 10 աշակերտ, եւ մեկ տարում այդքան յուրացումը քիչ չէ նման փոքր դպրոցի համար, այն դեպքում, երբ արդեն 3-րդ տարին է, ինչ առաջին դասարանցի չունի դպրոցը, քանի որ տնօրենի եւ տիրող արատավոր բարքերի պատճառով մարդիկ իրենց երեխաներին տանում են հարեւան գյուղի դպրոց: Բացի այդ, տնօրենն աշխատանքից ազատում է մասնագետ մանկավարժներին, իսկ ոչ մասնագետներին ապահովում դասաժամերով:

Օրինակ` անասնաբույժը դասավանդում է ֆիզկուլտուրա, մեկ այլ ուսուցիչ, չունենալով մանկավարժական կրթություն, դասավանդում է մի քանի առարկա եւ դասղեկ է, մյուսը դասվար է եւ չունի բարձրագույն կրթություն, դասավանդում է հայոց լեզու եւ գրականություն: Չունենալով ներառականի աշակերտ՝ տնօրենն իր դստերն ընդունում է որպես ուսուցչի օգնական, ով չաշխատելով գումար է ստանում, եւ ցանկը շարունակելի է»,- փոխանցում է Անահիտ Կիրակոսյանը:

Վերոնշյալ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում կարճվել է: Համապատասխան որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ Անահիտ Կիրակոսյանը հրաժարվել է իր ցուցմունքին հակասող ցուցմունքներ տված անձանց հետ առերես հարցաքննությունից: Ուսուցիչը պնդում է, որ ինքը ոչ միայն չի հրաժարվել, այլ նաեւ հարցաքննության հրավիրվելու մասին ծանուցում չի ստացել:

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին դրա վերաբերյալ բողոք է ներկայացրել եւ շուտով ստացել իր համար զարմանալի պատասխան, թե բողոքն անհիմն է: «Ես իրեն բողոք եմ բերում, որ քննիչն ինձ չի ծանուցել ու չի կանչել առերես հարցաքննության, հետեւաբար ես չեմ հրաժարվել առերես հարցաքննությունից, ինչպես նշված է կարճման որոշման մեջ, մարդն ինձ պատասխանել է, որ բողոքս անհիմն է եւ ես առերես հարցաքննվել եմ, ու ներկայացված է ցանկ, որի մեջ կա նաեւ կասկածյալի անունը: Աբսուրդ է: Սա եւս ապացուցում է այն փաստը, որ գործը կոծկված է»,- նշում է նա:

Խնկոյանի դպրոցի տնօրենի դեմ այս բողոքը առաջինը չէ: Նախկինում էլ Անահիտ Կիրակոսյանն է հաղորդում ներկայացրել, որ տնօրենն իրեն ծեծի է ենթարկել: Այդ գործը նույնպես նույն քննիչի վարույթում է եղել ու շուտով կասեցվել է: Մարինե Առաքելյանի հետ լարված փոխհարաբերությունները մանկավարժը բացատրում է այն հանգամանքով, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթում մրցակից են եղել եւ ինքը բազմիցս ահազանգել է, որ այդ մրցույթին Առաքելյանի մասնակցությունը օրենքի խախտումներով է: Բայց դրա վրա աչք է փակվել, ու Առաքելյանն ընտրվել է տնօրենի պաշտոնում:

«Դրանից հետո սրվեցին մեր հարաբերությունները, մենք երբեք չկարողացանք իրար հետ հաշտ ու համերաշխ աշխատել, անընդհատ պետք է սադրեր, չեղած տեղից պատմություններ սարքեր, զրպարտեր: Երբ որ ինձ զրպարտում էր, ես դրան բնականաբար պատասխանում էի, ես չեմ ասում, որ խեղճ մարդ եմ իմ տեսակով»,- նկատեց Անահիտ Կիրակոսյանը:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Loading...