«Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը». Լալա Մնացականյան «Ժողովուրդ»

Այսօր Հայաստանը նշում է իր անկախության 27-ամյակը, որի առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի հայտնի գործիչների և մտավորականների հետ։ Անկախության տարիների մեր ձեռքբերումների եւ կորուստների վերաբերյալ նրանց մտորումները ներկայացնում ենք ստորեւ։

Լալա Մնացականյան. Հայաստանի վաստակավոր արտիստ.

– Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը։ Այսքան տարի տանջվեցինք, որ գոնե հասկանանք՝ կարող ենք որպես պետություն կայանալ։ Նախորդ տարիներին մենք եղել ենք անկախ, բայց միայն թղթի վրա, ֆորմալ առումով, այն ժամանակ «անկախությունը» սուտ բառ էր, փուչիկ, իսկ հիմա ես սկսել եմ հավատալ դրան, վստահ եմ, որ կունենանք ամուր պետություն, պետականություն եւ մի երկիր, որը կկարողանա դրսում արժանապատվորեն ներկայանալ։

Այս տարիներին մենք կորցրել էինք հենց ամենակարեւորը՝ ազգային արժանապատվությունը, մեր դեմքը։ Դրսում մեզ լուրջ չէին վերաբերվում, ողորմություն խնդրողի, կռացողի դերում էինք։ Հիմա որ հետ եմ նայում, ավելի ստույգ եմ տեսնում այդ ամենը, այն ժամանակ էլ էր ստացվում կողքից նայել իրադարձություններին եւ երեւույթներին, բայց հիմա դրա հետ մեկտեղ որոշակի հեռավորությունից եմ նայում անցյալին եւ հասկանում եմ, թե ինչ սուտ լոզունգներով ենք ապրել։

Եթե չլիներ Աստծո ձեռքը, կարող է՝ այդպես էլ կորչեինք ու գնայինք։ Կմնար միայն ասմունքը, թե Բաբելոնը վերացել է, Հայաստանը կա։ Այնինչ՝ մենք իսկապես կանգնել էինք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ ելույթներում բազմիցս ահազանգել եմ այդ մասին եւ հայրենիքը կորցնելու սարսափն ապրել եմ, ուստի իրական անկախությունը թանկ եմ գնահատում։

Մեկնաբանել
Loading...