Ահասարսուռ դեպք Երևանում. էլեկտրահարված հայտնաբերվել է 10 ամսական երեխա և նրա տատիկը. երեխան ողջ է

Նախօրեին Երևանում ահասարսուռ դեպք է գրանցվել. էլեկտրահարված հիվանդանոց է տեղափոխվել 10 ամսական տղա երեխա, իսկ երեխայի տատիկը հայտնաբերվել է մահացած:

«Փաստինֆո»-ն նրանց հարազատներից կարողացավ պարզել, որ 64-ամյա տատիկը թոռնիկին լողացնելուց հետո փորձել է փաթաթել էլեկտրական սավանի մեջ և, ըստ ամենայնի, դա էլ պատճառ է հանդիսացել երեխայի և տարեց կնոջ էլեկտրահարվելուն:

Հարազատների խոսքով՝ տարեց կնոջը և երեխային հայտնաբերել են այն բանից հետո, երբ կնոջ մեծ թոռնիկը դասերից հետո տուն է վերադարձել, սակայն դուռը ոչ ոք չի բացել: Երեխան զանգահարել է հորը, ինչից հետո տղամարդն արագ վերադարձել է տուն, սակայն բնակարան կարողացել է մտնել երկրոդ հարկի պատուհանից:

Նրանց հարազատների խոսքով՝ անմիջապես շտապօգնություն են կանչել, սակայն պարզվել է՝ կինը մահացած է, իսկ փոքրիկին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:

Դեպքի վերաբերյալ «Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացվել առ այն, որ էլեկտրահարված հիվանդանոց է տեղափոխվել 10 ամսական երեխա, բացի այդ էլ նույն հասցեում էլեկտրահարված հայտնաբերվել է մահացած տարեց կին: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել
Loading...