ՄամուլՍպորտ

Ռամիլ Սաֆարովի քրոջը ջախջախած հայուհին հաղթանակը նվիրում է Գուրգեն Մարգարյանին

Ռամիլ Սաֆարովի քրոջը ջախջախած հայուհին հաղթանակը նվիրում է Գուրգեն Մարգարյանին

Ինչպես արդեն հայտնել ենք՝ օրեր առաջ Թբիլիսիում տեղի ունեցավ «Մարտեր առանց կանոնների» առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Կարինե Կարապետյանը, ով մրցում էր Ռամիլ Սաֆարովի քրոջ՝ Ռենա Սաֆարովայի հետ:

Analitik.am-ը զրուցեց Կարինե Կարապետյանի հետ, ով նախ նշեց, որ վատառողջ է եղել. «Նախ ասեմ, որ ես շատ վատառողջ վիճակում եմ գնացել հաղթանակի ետևից»: Կարինեի խոսքերով, երբ նրանք արդեն գորգի վրա էին, Ռենա Սաֆարովան շատ վատ ձևով է դիմավորել իրեն.

«Դեռ մենամարտը չսկսած, նա ինձ ամեն ձևով փորձում էր կոտրել՝ հայացքով, թշնամությամբ, բայց դա նրան չհաջողվեց, ես շուտ չեմ հանձնվում: Նա ինձ երևի լավ չէր ճանաչում»:

karine karapetyan katok

«Մինչև մենամարտի սկսելը, երբ ինձ ասացին, որ ես պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, այն մարդու քրոջ հետ, ով 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարել էր մեր հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, ես չկարողացա հրաժարվել մենամարտից, որովհետև սա մեր ազգի պատիվն էր»,- ասաց Կարինեն:

Մեր հարցին, թե արդյոք հաղթելու համար լրացուցիչ մոտիվացիա տվեց իրեն այն հանգամանքը, որ նա պետք է մենամարտի Սաֆարովի քրոջ հետ և ում է նվիրում իր հաղթանակը, Կարինեն պատասխանեց.

«Երբ իմ մարզիչն ինձ ասաց, որ պետք է մենամարտեմ Սաֆարովի քրոջ հետ, ես ուղղակի հրաժարվել չէի կարող: Ես մենամարտել եմ հաղթելու նպատակով և իմ հաղթանակը նվիրում եմ Գուրգեն Արտուշի Մարգարյանին»:

Հաղթանակած մարզուհին նշեց նաև, որ մարտի ընթացքում Ռենա Սաֆարովան ամեն կերպ փորձում էր կոտրել իր ձեռքը և նա կարող էր հանձնվել, սակայն դա իրեն չխանգարեց.

«Ես կյանքի գնով պայքարում էի մեր ազգի հաղթանակի համար, և ինձ ոչինչ չեր կարող խանգարել այդ հաղթանակին հասնելու համար»,-ասաց նա:

Աղբյուր՝ analitik.am

Կիսվել նյութով