Մամուլ

«Գագիկ Մկրտչյանը մտավ հանգստի սենյակ ու չոքեց գետնին, արդեն արնահոսում էր». ՊՊԾ գնդի ոստիկանը մանրամասներ է պատմում

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով երեկվա դատական նիստն անցավ փոքր ինչ լարված մթնոլորտում: Անջատված գործի այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Երեկվա նիստում հարցաքննվեց ՊՊԾ գնդում պատանդ պահված, տուժող ոստիկան Արթուր Հարությունյանը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ այժմ էլ շարունակում է աշխատել ՊՊԾ գնդում որպես ավագ ոստիկան: Նա մանրամասներ ներկայացեց ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերից՝ նշելով, որ գնդում է մնացել 7 օր:

Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ դեպքի օրը 2016 թվականի հուլիսի 16-ի լույս 16-ի գիշերը, հերթապահություն է իականացրել ՊՊԾ գնդում: Ոստիկանը նշեց, որ ԿՊՊ-ի կողմից բախման ձայն լսելով՝ վազել է այդ ուղղությամբ ու տեսել, որ «ԿռԱԶ»-ը հարվածել է գնդի դարպասներին։

«Ինձ թվաց, թե վթար է տեղի ունեցել, տղերքից մեկին՝ Արամայիսին, ասացի՝ զանգի շտապօգնություն, մտածելով որ այդ հարվածից բեռնատարի վարորդը հնարավոր է վիրավոր լինի, հետո նկատեցի, որ մեկը ինքնաձիգով պատի կողմից մտնում է ներս»,- ասաց տուժող Հարությունյանը՝ հավելելով, որ ներս մտնողը «Սասնա ծռեր» խմբի ամդամ Պավել Մանուկյանն էր։

Հարությունյանի խոսքով՝ ինքը փորձել է վերցնել ինքնաձիգը, սակայն ինքն ու Մանուկյանը միմյանց քաշքշել եւ երկուսով ընկել են գետնին, այդ ընթացքում խմբի այլ անդամներ են ներխուժել գնդի տարածք, ու մի քանիսը, որոնց հստակ չի հիշում, ոլորել են իր ձեռքերն ու խլել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը եւ իրեն տարել ՊՊԾ-ի շարահրապարակի ուղղությամբ:

«Պավել Մանուկյանը բացականչում էր, որ մենք ձեր դեմ ոչ մի բան չունենք, չկրակեք, զենքերը վայր դրեք: Հետո ձեռքերս ոլորած ինձ բարձրացրին դեպի շարահրապարակի մոտ, որտեղից դեմ դիմաց գալիս էին Տիգրան Դանիելյանը եւ Խաչատուր Մուրադյանը (ՊՊԾ գնդի ոստիկաններ): Դանիելյանը ինքնաձիգով էր, որովհետեւ ծառայություն էր իրականացնում տարածքում, տեսնելով դեպի իրենց եկող ոստիկաններին, սկսեցին կրակահերթ արձակել, ինչի ժամանակ ոստիկաններից ամեն մեկն իրեն մի կողմ քցեց: Զենքի սպառնալիքով ստիպեցին Խաչատուր Մուրադյանին, որպեսի ցույց տա հերթապահ մասի տեղը»,- պատմեց ոստիկանը:

Շարունակելով ցուցմունքը՝ տուժողն ասաց, որ քայլել են դեպի հերթապահ մաս, սակայն իմանալով, որ դուռը դրսից չի բացվում՝ կրակահերթ են արձակել հերթապահ մասի դռան ու պատուհանի ուղղությամբ։

«Խմբի անդամների հետ մտանք հերթապահ մաս, մեզ էլ մտցրին ներս, այդ պահին տեսա հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանին՝ զինանանոցի դռան մոտ կանգնած, արդեն վիրավոր էր թեւից: Էդ ընթացքում պահանջում էին, որպեսզի զինանոցի դուռը բացվի, հերթապահ Խաչատուր Մուրադյանն ասաց, որ բանալիները չկան, չի կարող բացել, ստիպեցին, որ բանալիները բերի ու ջարդեցին դուռը, ներխուժեցին զինանոց: Ես նկատեցի, որ Գագիկ Մկրտչյանը մտավ դեպի հանգստի սենյակ ու չոքեց գետնին, արդեն արնահոսում էր: Փորձեցինք միջամտել, որպեսզի շտապօգություն զանգեն, օգնություն ցույց տան»,- ասաց Արթուր Հարությունյանը:

Վերջինս պատմեց, որ ինքը Վարուժան Ավետիսյանի եւ եւս մեկ անձի ուղեկցությամբ բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ խմբի անդամները զենք են որոնել։

«Ասացի՝ զենք-զինամթերք այստեղ չկա։ Էդ պահին Վարուժան Ավետիսյանը բացեց նոթբուքն ու սկսեց հրապարակումներ անել։ Հետո ինձ իջացրին ԿՊՊ-ի տարածք. այնտեղ էին պահում նախկին ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդի դերում եւ ուրիշ ոստիկանների»,- ասաց՝ նշելով, որ բարձրաստիճան ոստիկանների հետ հիմնականում բանակցում էր Պավել Մանուկյանը։

Տուժողի խոսքով՝ ինքը գնդի տարածքում պահվել է 7 օր. «7 օրվա ընթացքում իմ նկատմամբ առանձնապես խոշտանգումներ չեն եղել, իմ ազատ տեղաշարժն են սահմանափակել»,- ասաց նա։ Հարությունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են զոհվել ոստիկաններ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը, սակայն հիշեց, որ գնդում խմբի անդամների հետ հարգել են Վանոյանի հիշատակը։ Նա հայտարարեց, որ ամբաստանյալներից որեւէ պահանջ չունի։

Երեկվա դատական նիստին Պավել Մանուկյանը հայտարարեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից հրաժարվելու մասին: Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ի՞նչն է պաշտպանից հրաժարվելու պատճառը, Մանուկյանը պատասխանեց՝ խարդախ է: Դատավոր Մակյանը հորդորեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ դատավորն իրենց հարցրեց հրաժարման պատճառը, ինքն էլ պատասխանեց հարցին:

Նշենք, որ դատական նիստի կարգը խախտելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից: Այս պահին սույն գործով կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Հենց խափանման միջոցի հետ կախված էլ երեկ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հայտարարեցին հացադուլ սկսելու եւ բժշկական օգնությունից հրաժարվելու մասին:

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել նյութով